Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀՈՍՈՂ ԱՂԲՅՈՒՐԻ ԱԿԸ ՓԱԿԵԼ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, ԵՐԲ ԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐ Է

ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀՈՍՈՂ ԱՂԲՅՈՒՐԻ ԱԿԸ ՓԱԿԵԼ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, ԵՐԲ ԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐ Է
02.03.2012 | 00:00

Հաճախ եմ ինձ հարց տալիս. ե՞րբ սկսվեց հայ ազգի հոգևոր-մշակութային անկումը։ Կարծում եմ, այն ժամանակ, երբ «Մշակույթ» երթուղու տրամվայները հերթով պարկ գնացին, կյանքի խաչմերուկներում մարդկային, ոգեղեն լուսացույցները փչացան, և շատացան վթարներն ու բախումները` տգիտության, շահամոլության, ցինիզմի... Մշակույթը դարձավ ժամանակակից ազգային պարի վերջապահը, իսկ բիզնեսն ու փողը` պարաշղթան քաշող, թաշկինակը թափահարող «պարբաշին»։
Բարեբախտաբար, Հանրային ռադիոն առանձնանում է այս դաշտում, և պարբերաբար անդրադառնում է մեր մշակույթի երախտավորներին` հիշելով նրանց անունը, գործը, ստեղծած հարուստ և բազմաշերտ արժեքները։ Բացի այդ, այն, կարելի է ասել, միակն է ողջ եթերային դաշտում, որ միաժամանակ կարևորում և կիրառում է լեզվի անաղարտությունը, փաստերի և ինֆորմացիայի ճշտությունը, մատուցված նյութի և երաժշտության բարձր որակը։ Տասնամյակներով կուտակած, ամբարած հարուստ ձայնադարանից պարբերաբար հնչում են մեկը մյուսից թանկ ձայներ, հաղորդումներ, ռադիոներկայացումներ։ Սա իսկապե՛ս դրվատելի և շնորհակալ քայլ է, հոգևոր քաղցի բավարարում` հուրախություն շատ ու շատ բարձրաճաշակ ունկնդիրների։ Եվ այս հենքին, օրեր առաջ Հանրային ռադիոյի «Գանձարան» ծրագրով հաղորդում էր` նվիրված հրաշալի արձակագիր, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանի հիշատակին։ Ի շարս այլ ձայնագրությունների, հնչեց նաև նրա ձայնը, մի դրվագ այն խոսքից, երբ ազդարարում էր իր հեղինակային «Իմ տունը քո տունն է» սիրված հաղորդաշարի վերաբացումը, նշելով, որ փակումից հետո անկնդիրները բողոքներով և նամակներով հեղեղել են հեռուստատեսությունը, և ընդառաջելով նրանց` վերաբացում են հաղորդաշարը։
Խոստովանում եմ, լսելով այս ամենը, ես ամոթ ապրեցի իմ և «Ստերեո ստուդիայի» բազմահազար ունկնդիրների համար, որ լռելյայն թույլ տվինք այդ հրաշալի հաղորդաշարի փակումը։ Յուրաքանչյուրիս ընտանիքի անդավաճան անդամը, բարեկամը, ընկերն ու նեցուկն էր «Ստերեոն»։ Ինչո՞ւ լռեցինք։ Ի՞նչն էր փակման պատճառը` անհայտ մնաց։
ՈՒնկնդիրների պակա՞սը. չեմ կարծում, որովհետև օրական տասնյակ նամակների ընթերցումները (հիմնականում` մարզերից), նաև անթիվ հեռախոսազանգերը փաստում էին լայն լսարանի մասին, էլ չեմ խոսում օգոստոսի 1-ի մասին. ողջ հանրապետությունը, ռադիոտունը և արվեստագետ խավը գիտեին, թե ինչ է կատարվում այդ օրը ստուդիայում։
Լեզվի մաքրությունը և մատուցման որա՞կը. բնավ։ «Ստերեոյի» լեզվական մակարդակը առայսօր, ըստ իս, ոչ մի ռադիոալիք կամ ծրագիր չի գերազանցել (հաճախ չի էլ հասել). նա միակն էր, և, պատասխանատվությամբ կարող եմ ասել, միակն էլ մնաց։ Իսկ ինչ վերաբերում է Կարեն Վարդանյանին, Անահիտ Նավասարդյանին, Ալլա Սուքիասյանին, ապա նրանց վարպետությունն անգերազանցելի է ռադիոյի նորօրյա պատմության մեջ, ավելին, Անահիտ Նավասարդյանի հոգեպարար և բարեկիրթ ձայնն է եղել այն ամուր թելերից մեկը, որ իմ սիրտը դեռ մանկական տարիքից կապել է ռադիոյին. դա ուղղակի կախարդանք էր։
Հաղորդաշարի թեմատիկա՞ն էր փակման պատճառը. դարձյալ ոչ։ Նույնիսկ արվեստից և գրականությունից հեռու մարդը 1-2 ամիս եթե պարբերաբար «Ստերեո ստուդիա» լսեր, ապա գիտելիքների բավական պաշար կկուտակեր։ Միայն հաղորդումների խորագրերը բավական են գաղափար կազմելու համար, թե ինչ որակի, ճաշակի, խորության մասին է խոսքը. «Զարմանահրաշ հայերեն», «Զրույցներ լեզվի մասին», «Համաշխարհային սիրերգության նամականի», «Առաջին հայ դերասանուհիներ» (հեղինակ և վարող` Անահիտ Նավասարդյան), «Այր մի Ադամ», «Մենք մարդ ենք եղել» (հեղինակ և վարող` Ալլա Սուքիասյան), «Մեր մեծերի մտքերից»։ Նաև հին, դասական և արդի գրականության բացառիկ նմուշների ընթերցումներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ։ Քի՞չ է...
Միակ ծրագիրն էր, ուր մտավորական խավը ոչ միայն սիրով էր գալիս, այլև հաճախ լինում էին դեպքեր, երբ գրողները կամ դերասաններն առանց հրավերի էին գալիս ստուդիա։ Եվ վերջապես, ռադիոյի տնօրեն պարոն Արմեն Ամիրյանը ևս բազմիցս ականատես է եղել ժողովրդի սիրո այդ հրավառություններին, հատկապես ստուդիայի ծննդյան տոնական օրերին, երբ անձամբ գալիս էր շնորհավորելու։ Ստուդիան վայելում էր պարոն Ամիրյանի հոգատարությունը, և փոխադարձ էր հարգանքը։ ՈՒրեմն ի՞նչ եղավ, ո՞ւմ էր խանգարում ստուդիայի գոյությունը, մի՞թե նրա լույսի տակ ոմանք իրենց փոքրությունն էին տեսնում։ Թե՞ լավերին չեն ներում։ Կարծում եմ` ունկնդիրների մեղքը ևս ծանրակշիռ է. եթե արևմտյան սին արժեքներ դավանողներին ձեռնտու չէր նրա գոյությունը, մեզ հո պետք էր, մենք հո վայելում էինք։ ՈՒրեմն ինչո՞ւ լռեցինք։
Արտաշես Քալանթարյանի խոսքը սթափեցնող ապտակ էր, և, թեպետ ուշացած, բարձրացնելով այս հարցը` ճշտել եմ ուզում. ե՞րբ պետք է մեր լավն ու վատը զանազանենք, տեր կանգնենք լավն ու բարին արարողին, մեր լեզվին, մեր արժեքներին, իսկակա՛ն արժեքներին։
Խոսքի և միկրոֆոնի այդ հոյակապ արտիստները (չեմ վախենում այս արտահայտությունից, քանի որ Անահիտ Նավասարդյանը և Կարեն Վարդանյանը իրավա՛մբ վաստակել են այն) այսօր մատնված են անարդար պարապուրդի, երբ դեռ ժողովրդին շատ ու շատ գանձեր ունեն տալու, կրթելու, մշակույթ հարստացնելու առաքելություն ունեն դեռ, կարողություն, ուժ, եռանդ և տաղանդ։
Կարծում եմ` ժամանակն է սթափվելու և կրկին հավաքելու այդ հրաշալի կոլեկտիվը։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ
Բանաստեղծուհի, լրագրող

Դիտվել է՝ 4333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ